top of page
Ateliers hebdomadaires

Մկնիկի կեանքը

Ծանօթացէք Մկնիկի երիտասարդների յօդուածներին եւ ստեղծագործութիւններին

  • Mgnig | Մկնիկ

Արամ Արքայ

Dernière mise à jour : 19 juil. 2021


Այս յօդուածում, դուք կծանօթանաք Արամ Արքայի պատմութեանը: Նա ապրել է մեր թուարկութիւնից առաջ (մ․թ․ա) 9-րդ դարում։ Մենք կներկայացնենք, թէ ինչպէ՞ս են յայտնաբերուել Արամ Արքայի մասին տեղեկութիւնները , եւ թէ ինչ կարեւոր դեր է նա խաղացել Հայոց պատմութեան մէջ։


Հայոց աստուածութիւն կամ նրա քուրմ-թագաւորը (հաւանաբար՝ Արամը) ցուլի վրայ։ Բարձրաքանդակ Արծկեից։

Հին թագաւորները գրել են արձանագրութիւններ, որոնց մէջ պատմել են իրենց եւ հարեւան երկրների թագաւորների մասին: Արամ Արքայի մասին տեղեկութիւններ գտնուել են առաջին անգամ Ասորեստանի Սալմանասար III-ի արձանագրութիւններում, որտեղ գրուած է, որ Արամ Արքան իշխել է մ․թ․ա 859 - 824 թթ (Ասորեստանը գտնւում էր Հայաստանի հարաւ-արեւելքում)։ Իրականում հաւանական է, որ նա իշխանութեան հասած լինի դեռեւս մ․թ․ա 875-ից սկսած և մինչև մ.թ.ա 859 թուականին արդէն հզօր թագաւոր դարձած լինի՝ մեծ զօրքով ու հարստութեամբ։ Այդ մասին տեղեկութիւններ ենք ստանում նաեւ աքքադական արձանագրութիւններում (Աքքադները ապրել են Միջագետքում)։


Արամի կարեւորութիւնը հաստատւում է մի քանի հանգամանքով: Առաջինը` նա միաւորել է հայկական շատ անջատ իշխանութիւններ: Այդ ժամանակներում, Մեծ Հայքում իշխում էին բազմաթիւ թագաւորներ, ամէն մէկը մի փոքր տարածքի վրայ, եւ այդ պատճառով երկիրը շատ թոյլ էր: Օրինակ` թագաւորները չէին կարողանում համակարգուած կռուել պատերազմների ժամանակ: Արամ Արքայի այդ նախաձեռնութիւնը շատ հզօրացրեց երկիրը:


Երկրորդը՝ Արամը Ասորեստանի Սալմանասար III թագաւորի հետ մի շարք ճակատամարտեր տուեց: Չնայած նրան, որ իր թշնամու զօրքերը աւելի մեծաքանակ էին, նա կարողանում է նահանջելով կռիւ տալ լեռներում։ Մեր թուարկութիւնից առաջ 844 թուականին, նա այնքան է ուժեղացնում իր զօրքը, որ Սալմանասարը այլեւս չի համարձակւում գնալ նրա դէմ առճակատման:


Արամ Արքայ, փորագրութիւն, Յ. Ռոթեր (J. Rotter)

Վերջապէս` Արամը երկիրն իր թշնամիներից պաշտպանելուց բացի, այն դարձրեց Հարաւարեւմտեան Ասիայի ամենահզօր պետութիւնը: Նա կարողացաւ հարաւում ասորական զօրքերը հեռացնել եւ արշաւելով առաջ՝ հասնել Միջագետք։ Իսկ հարաւ-արեւելքում նա չէզոքացրեց մարերին (իրանական ժողովուրդ): Այնուհետեւ, նա երկրի տարածքը մեծացրեց արշաւելով դէպի արեւմուտք եւ նուաճելով Փոքր Հայքը. այս տարածաշրջանը յետոյ յունարէն կոչուեց Պրոտին Արմենիա՝ Առաջին Հայք, քանի որ այն յոյների համար ամենից մօտ գտնուող հայկական վայրն էր։


Ռաֆայել Շիրիկյան



Յօդուածը կազմուած է ըստ Ռաֆայէլ Իշխանեանի «Պատկերազարդ պատմութիւն հայոց» գրքի։


Հրատարակուել է Մկնիկ աշխատանոցի 2020-21 ուսումնական տարուայ «Ի՞նչ կայ չկայ» թերթում:





192 vues

Posts récents

Voir tout
bottom of page