top of page
Ateliers hebdomadaires

Մկնիկի կեանքը

Ծանօթացէք Մկնիկի երիտասարդների յօդուածներին եւ ստեղծագործութիւններին

  • Mgnig | Մկնիկ

Հայաստանի հնագոյն անուանումները

Dernière mise à jour : 19 juil. 2021

Այս յօդուածում կներկայացնենք որտեղից է գալիս Հայաստան բառը ինչպէս նաեւ որոնք են Հայաստանի այլ հնագոյն անուններն ու նրանց ծագումը։


Շատ ժողովուրդներ եւ երկիրներ ունեն մի քանի անուններ։ Օրինակ՝ մենք ասում ենք Գերմանիա, իրենք` գերմանացիներն, իրենց երկիրը կոչում են Դոյչլանդ, ֆրանսիացիները՝ Ալեմանյը, ուկրաինացիները՝ Նեմեչինա։ Հայաստանն ու հայերն էլ հնուց ի վեր տարբեր անուններով են կոչուել։


1

Հայերն իրենք իրենց հայ են անուանում, երկիրը՝ Հայք կամ Հայաստան։ Հայք նշանակում էր հայեր եւ հայերի երկիր։ Այդ անուանումը նոյն իմաստով գործածել են նաեւ հայերի որոշ հարեւաններ։ Դրա առաջին յիշատակութիւնը գտնուել է մ.թ.ա. 3-րդ հազարամեակի երկրորդ կէսի սեպագիր արձանագրութիւններում՝ հայա ձեւով։ Աւելի ուշ մ.թ.ա. 15-13-րդ դարերում գրուած խեթական արձանագրութիւններում յիշատակւում է Հայասա երկիրը։ Այս շարքի անունները կապւում են Հայաստանի առաջին թագաւորութեան հիմնադիր՝ առասպելական Հայկ նահապետի անուան հետ։


2

Ուրիշ շատ ժողովուրդներ հնում էլ, այժմ էլ հայերին եւ Հայաստանը կոչել են արմէն անուան զանազան ձեւերով. երկիրը՝ Արմենիա, Արմինա, Արմանստան, Արմենիեն, Էրմանաստան եւ այլն, մարդկանց՝ արման, արմեանին, արմենիեր, էրմանի եւ այլն։ Այս անունը առաջին անգամ հանդիպում է մեզնից աւելի քան 4000 տարի առաջ գրուած աքքադական արձանագրութիւններում Արմանի երկրի յիշատակմամբ։ Այս շարքի անունները կազմուած են «ար» բառից, որը նշանակում է ուժեղ, եւ «ման» բառից, որը նշանակում է տղամարդ։


3

Այն ժամանակ երբ խեթերի թագաւորները Հայաստանն անուանում էին Հայասա, Ասորեստանի թագաւորները նոյն տարածքը կոչում էին Նայիրի (մ.թ.ա. 13-րդ դարից սկսած)։

Աքքադերէն արձանագրութիւն

4

Ասորեստանի թագաւորների արձանագրութիւններում Նայիրիի բազմաթիւ անջատ իշխանութիւններից մէկը, որը գտնւում էր Վանայ լճի ափերին, կոչւում էր Ուրարտու (Ուրաշտու)։ Հզօրանալով այն իր մէջ միաւորեց ամբողջ Նայրիի մեծ երկիրը եւ դարձաւ մի հզօր պետութիւն։ Այդ ժամանակ, ամբողջ Նայիրի-Հայքը անուանեցին Ուրարտու։ Այժմ բոլոր գիտնականները համաձայն են, որ Ուրարտու եւ Արարատ նոյն անուանման տարբեր ձեւերն են։ Հին հայ պատմիչները Այրայրատ ձեւն էին օգտագործում, որը բաղկացած է «այր» բառի կրկնութիւնից (ամուր, ուժեղ, արի, տղամարդ, նաեւ՝ հայ), եւ «-ատ» ածանցից։


5

Եւ վերջապէս, հայերի հարեւան վրացիները հայերին անուանել ու անուանում են սոմեխի, իսկ երկիրը՝ Սոմխեթի։


Իսկ ինչպէ՞ս է հնարաւոր այս ամէնի

Քելիաշինի արձանագրութիւնը գրուած երկու լեզուով՝ աքքադերէն եւ նորխուռիերէն

մասին տեղեկանալ հազարաւոր տարիների հեռաւորութիւնից։ Երկու յայտնի մեթոդ ունենք համոզուելու համար, որ այս տարբեր անուանումները վերաբերւում են նոյն երկրին՝ Հայաստանին։


Առաջինը բացատրենք մի օրինակով։ Ասորեստանի մի թագաւոր իր արձանագրութեան մէջ պատմում է մի դէպք՝ երկու եղբայրներ սպաննելով իրենց հօրը փախչում են Ուրարտու։ Աստուածաշնչի մէջ նոյնպէս գրուած է այս դէպքի մասին, բայց այստեղ ասուած է որ երկու եղբայրները փախչել են Արարատի երկիր։ Նոյն այս դէպքի մասին հայ պատմիչ Մովսէս Խորենացին է գրել, նա պատմում է որ երկու եղբայրները «փախան եկան մեզ մօտ» (Հայաստան)։ Այսպիսով՝ միեւնոյն իրադարձութեան մասին իմանալով տարբեր աղբիւրներից, մենք կարող ենք նոյնացնել անուանումները։


Ըստ երկրորդ մեթոդի, պէտք է ուսումնասիրել միեւնոյն ժամանակ մի քանի լեզուով գրուած արձանագրութիւնները։ Օրինակ՝ մի արձանագրութեան մէջ գտնում ենք հետեւեալ նախադասութիւնը․ «Խօսում է Դարեհ թագաւորը՝ իմ ծառային ուղարկեցի Հայաստան»։ Հին պարսկերէն տարբերակում գրուած է «ուղարկեցի Արմինա », իսկ աքքադերէնում՝  «ուղարկեցի Ուրաշտու»։ Վերլուծելով պատմական նոյն դէպքերի շարադրումը տարբեր լեզուներով, ակնյայտ է դառնում որ Հայաստան, Ուրարտու, Արարատ եւ Արմինա անուանումները նոյն տեղանուանն ու նոյն երկրին են վերաբերւում։


Լիլիթ Աղասարյան



Յօդուածը կազմուած է ըստ Ռաֆայէլ Իշխանեանի «Պատկերազարդ պատմութիւն հայոց» գրքի։


Հրատարակուել է Մկնիկ աշխատանոցի 2020-21 ուսումնական տարուայ «Ի՞նչ կայ չկայ» թերթում:


282 vues

Posts récents

Voir tout
bottom of page